Որոնել
Կազմակերպության անվանում

Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը:

ՏՏ ոլորտի ընդհանուր պատկերը

 

Տես 2014թ Ոլորտի Հետազոտությունը

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Դրա հիմքը ստեղծվել էր թերևս այն ժամանակ, երբ Խորհրդային Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ գիտական, գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիաներ արտադրող հիմնական հանգույցը: Աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին 1987թ., երբ ըստ տարբեր հաշվարկների Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100000 մասնագետներ: ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանային հակամարտությունները և ավերիչ երկրաշարժը երկրի հյուսիսում հասցրեցին հսկայական տնտեսական վնասներ Հայաստանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պատճառած հետևանքները նույնպես զգալի էին, գիտական և գիտահետազոտական հաստատությունների մեծամասնությունը կրճատել կամ դադարեցրել էին իրենց գործունեությունը` թողնելով հազարավոր գործազուրկներ: 1991թ. ձեռքբերած անկախությունը իր հետ բերեց լիովին նոր հնարավորություններ ոլորտի և, մասնավորապես, ձեռներեցների ու ՏՏ մասնագետների համար: Խոշորածավալ արտադրական գործունեությունից ոլորտի մասնագիտացումը փոխվեց դեպի ծրագրային ապահովման և ծառայությունների սեգմենտ, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել են աճի բավականին բարձր տեմպեր: Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից է: Անցյալի հաջողությունները, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ոլորտի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ են երաշխավորում:

 

Պատմական նախադրյալներ

 

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը բաժանվում է երկու հիմնական փուլերի` Խորհրդային շրջանը և ետխորհրդային անկախ Հայաստանը: Խորհրդային շրջանում Հայաստանը համարվել է ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններից մեկը: Այդ ավանդույթը դրվել է դեռևս 1950 թվականներին, երբ հանրապետությունում սկսեցին գործել մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և կիսահաղորդիչներ արտադրողձեռնարկություններ: Այս հաստատությունները գործում էին Խորհրդային Միության կառավարության խոշոր և միջին պատվերներով, որոնք ուղղված էին հիմնականում արդյունաբերության և պաշտպանության ոլորտի ապահովմանը: Բազմաթիվ կազմակերպություններ ստեղծել էին ծրագրավորման իրենց բաժինները, որոնք ուղղված էին հիմնականում հաշվապահության և այլ գործառույթների ավտոմատացմանը: Զարգացման երկրորդ փուլում տեխնոլոգիական ոլորտի ուղղվածությունն էր հիմնականում ծրագրային պատվերների ներգրավումը (աուտսորսինգ) և ծրագրային ապահովման մշակումը: Այս ժամանակաշրջանում հայկական ՏՏ ոլորտի ներուժը ճանաչվեց բազմաթիվ ներդրողների, պետական գործիչների և մասնագետների կողմից: Մի շարք տրանսազգային ընկերություններ Հայաստան արտահանեցին գիտահետազոտական, գործառնական և ծրագրավորման պատվերներ: ՀՀ կառավարությունը հայտարարել է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը:

 

Խորհրդային Հայաստան (1920-1990)

 

Ոլորտի հիմքը դրվեց 2-րդ Աշխարհամարտից առաջ և ընթացքում, երբ ԽՍՀՄ արդյունաբերությունը լայնորեն զարգանում և ընդլայնվում էր: Դա պահանջում էր տնտեսության տարբեր ճյուղերում բարձրակարգ տեխնիկական մասնագետների առկայություն, ինչի արդյունքում 1933թ. ստեղծվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (ներկայում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) և զգալի ընդլայնվեց 1919թ. հիմնադրված Երևանի պետական համալսարանը: 1935թ. հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան (ներկայում` Գիտությունների ազգային ակադեմիա): Այս նշանավոր նախաձեռնությունների շնորհիվ հիմք դրվեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հետագա զարգացմանը ու նվաճումներին: Համակարգիչների և ծրագրավորման ոլորտի ծաղկման սկիզբը դրվեց 1956թ., երբ հիմնադրվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը ստեղծվել էր Խորհրդային Միության կառավարության հատուկ հրամանով` համակարգիչների և հարակից սարքավորումների նախագծման ու արտադրման նպատակով: Արդեն 1959թ. ինստիտուտը նախագծել էր «Արագած» առաջին սերնդի համակարգիչը, որը աշխատում էր վակուումային սարքերով, 1961թ. արտադրվել էր կիսահաղորդիչ էլեմենտներով աշխատող «Հրազդան» երկրորդ սերնդի համակարգիչը: 1960-ականների սկզբին ինստիտուտը սկսեց նախագծել հզոր ԷՀՄ-ներ, ավտոմատ հսկիչ համակարգեր, ինչպես նաև օպերացիոն համակարգեր, ցանցային և կիրառական այլ ծրագրեր: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը նախկին ԽՍՀՄ առաջատար մասնագիտացված հաստատությունն էր, որը մշակում էր «Նաիրի» միկրոծրագրային կոմպյուտերային համակարգը, որը ստացել է ավելի քան 40 արտոնագրեր և ներկայացվել էր միջազգային 20 ցուցահանդեսներում: Սեփական արտադրամասերում ինստիտուտը նախագծել և արտադրել էր բազմաթիվ համակարգիչներ, որոնց մի մասը մրցունակ էր «Digital Equipment» ընկերության PDP համակարգիչների և IBM հզոր համակարգիչների հետ: Ինստիտուտը մեծճանաչում էր վայելում նաև IBM-360/370 համակարգչի հետ համատեղելի ES սերիայի կոմպյուտերային համակարգեր մշակելու համար, որոնք Խորհրդային Միության տարբեր շրջաններում լայնորեն կիրառվում էին գիտության և արդյունաբերության ոլորտներում: Ինստիտուտի կարևորագույն նվաճումներից էր նաև հեռահաղորդակցման համակարգի ստեղծումը, որը նախագծված էր դեպի լուսին թռիչքի համար: Ինստիտուտում 1980-ականներին աշխատում էր շուրջ 10,000 մարդ, ինչը երկու անգամ գերազանցում է ՏՏ ոլորտում ներկայումս զբաղված կադրերի թիվը: Հայաստանում ստեղծվեցին մի շարք արտադրական ձեռնարկություններ, որոնք զբաղվում էին էլեկտրոնային և կիսահաղորդիչ սարքերի արտադրությամբ և գիտահետազոտական աշխատանքներով: «Տրանզիստոր» (1958թ.) կիսահաղորդիչների գիտաարտադրական գործարանը համարվում էր տրանզիստորներ և ուժեղացուցիչ դիոդներ արտադրող առաջատարը ԽՍՀՄ-ում: 1964-65թթ. Աբովյան քաղաքում հիմնադրվեցին ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ Արտադրող «Սիրիուս» գործարանը և դիոդներ ու ինտեգրալ հիբրիդ միկրոսխեմաներ արտադրող «Պոզիստոր» միկրոէլեկտրոնիկայի գործարանը: Միկրոէլեկտրոնիկայի, գիտահետազոտության և տեխնոլոգիաների ինստիտուտը (1966թ.) մշակում էր միկրոէլեկտրոնային սխեմաներ, չափման ավտոմատացվածսարքեր և այլ բարդ էլեկտրոնային սարքեր: 1978թ. ստեղծված Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտը արտադրել է ինտեգրալ սխեմաներ սիլիկոնային բարակ թաղանթի տեխնոլոգիայի հիման վրա և այլ արտադրանք: 1986թ. կառուցվել է Աշտարակի կիսահաղորդիչների և էլեկտրոնիկայի արտադրման գործարանը, որի համար ընդհանուր ներդրումը կազմել էր 120 միլիոն ԱՄՆ դոլար: Գործարանը արտադրել է կիսահաղորդչային թիթեղներ, միկրոսխեմային հարթակներ, արևային էլեմենտներ և էլեկտրոնային այլ սարքեր: Մեկ այլ կարևորագույն արտադրական միավորում էր ինտեգրալ միկրոսխեմաների և էլեկտրոնիկայի «Մարս» ործարանը, որը ստեղծվել էր 1988թ. 300 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումով` տպատախտակներ և ինտեգրալ միկրոսխեմաներ արտադրելու նպատակով: 1980-ականների վերջին Խորհրդային տնտեսության ազատականացումից հետո ստեղծվեցին նոր ընկերություններ, որոնք տրամադրում էին համակարգերի ինտեգրման ծառայություններ և կատարում ծրագրային ապահովման մշակման հատուկ պատվերներ: Այս ընկերությունների գործունեությունը հիմնականում ուղղված էր դեպի տեղական շուկա և նրանցից քչերն էին աշխատում օտարերկրյահաճախորդների հետ: Այդ շրջանում ընկերությունների հիմնական մասնագիտացումներն էին հաշվապահական և ֆինանսական ծրագրային փաթեթների մշակում տեղական շուկայի համար, համակարգչային սարքերի հավաքում և վաճառք, արտաքին պատվերների կատարում (աուտսորսինգային ծառայություններ): Առաջին հայկական մասնավոր ՏՏ ընկերությունը` «Հայկական ծրագրերը», ստեղծվել է 1987թ.: 1990թ. Դրությամ» Հայաստանում գործում էին 40 խոշոր գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտներ և արտադրական միավորումներ: Այս ժամանակաշրջանում Հայաստանը համարվում էր էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Խորհրդային Միության առաջատար կենտրոնը:

 

Անկախ Հայաստան (1991-2014)

 

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: ԽՍՀՄ փլուզումը և անհատական օգտագործման համակարգիչների (PC) դարաշրջանի սկիզբը պատճառ հանդիսացան Հայաստանում ողջ տեխնոլոգիական ոլորտի անկման, որը տարիներ շարունակ ուղղված է եղել մասնավորապես խոշորածավալ արտադրական և գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը: Այն փաստը, որ ոլորտի հիմնական պատվիրատուն` Խորհրդային Միության հսկայական ռազմա-արդյունաբերական համալիրը, այլևս գոյություն չուներ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վրա թողեց անդառնալի ազդեցություն` փոխելով ուղղվածությունը խոշոր ռազմական պատվերներից դեպի շուկայական պահանջարկը բավարարող ծրագրային լուծումներ և ծառայություններ: Աստիճանաբար ի հայտ եկան նոր ընկերություններ, որոնք կոչված էին բավարարելու տեղական և արտասահմանյան շուկաների պահանջարկը: Նախկինում կուտակած ներուժը դարձավ հիմնական այն խթանիչը, որը նպաստեց ձեռներեցների ու ներդրողների կողմից նոր ձեռնարկությունների ստեղծմանը ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 1990 թվականներին սկսվեց ոլորտի զարգացման նոր դարաշրջան, երբ ծրագրավորող մի շարք ամերիկյան ընկերություններ հիմնեցին իրենց երևանյան մասնաճյուղերը, դրանց թվում` Boomerang Software (ինտերնետային կիրառական ծրագրեր), Credence Systems (կիսահաղորդիչների նախագծման և տեստավորման լուծումներ), Cylink (ցանցային անվտանգության արտադրանք և VPN /վիրտուալ մասնավոր ցանցի/ լուծումներ), Epygi Technologies (IP PBX կայաններ), HPL Technologies (եկամտաբերության կառավարման ծրագիր և տեստավորման միկրոսխեմաների լուծումներ), Virage Logic (ներկառուցված բարդ հիշողություն) և այլն: Սփյուռքը կարևորագույն դեր է ունեցել անկախ Հայաստանում ծրագրավորման ոլորտի կայացման գործում և փաստորեն հանդիսացել է այն հիմնական գործոնը, որի շնորհիվ Հայաստանում բավականին վաղ շրջանում հիմնվեցին արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ: 1990-ականների վերջում մատնանշվեցին ոլորտի հետագա աճի նոր խթաններ, ինչի պատճառը նախկինում ստեղծված ընկերությունների հաջողություններն էին, տնտեսության համընդհանուր վերականգնումը և համաշխարհային ՏՏ ոլորտի աննախադեպ աճը: ՏՏ ոլորտի զարգացման ներուժը դարձավ բազմաթիվ ներդրողների, պետական գործիչների և մասնագետների մեծ ուշադրության առարկան: Երիտասարդ մասնագետների համար բացվեցին բարձր վարձատրվող աշխատատեղեր` խրախուսելով նրանց շարունակելու կարիերան այդ ոլորտում: Գոյություն ունեցող հզոր գիտակրթական բազան դարձավ կարևորագույն այն գործոնը, որով պայմանավորվեցին կիսահաղորդիչների նախագծման ոլորտի խոշոր նվաճումները Հայաստանում: Ոլորտն այսօր դարձել է ՏՏ շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: 2000թ. ամերիկյան LEDA Systems Inc. ընկերությունը, որը հիմնադրվել է Պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտի կողմից և մասնագիտանում է ինտեգրալ միկրոսխեմաների և դրա բաղադրիչների նախագծման բնագավառում, հիմնեց իր մասնաճյուղը Հայաստանում: Ընկերության հիմնական նախաձեռնություններից էր ՀՊՃՀ-ի հետ համատեղ մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը: Կենտրոնում ուսանողները հնարավորություն են ստանում ձեռքբերելու բարձրակարգ տեխնիկական պրակտիկա ինտեգրալ միկրոսխեմաների նախագծման, համապատասխան ծրագրային ապահովման և բաղադրիչների բնագավառում: Միկրոսխեմաների նախագծման ոլորտում Հայաստանում առկա զգալի մասնագիտական կարողությունները շահագրգռեցին նաև Synopsys Inc. ընկերությանը, որը հանդիսանում է EDA և VLSI նախագծման ոլորտում համաշխարհային առաջատարը: 2004թ. Synopsys ընկերությունը ձեռք բերեց LEDA Systems և Monterey Arset (համակարգեր միկրոսխեմաների վրա) և 2005թ. HPL Technologies ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը: Ներկայում Synopsys-ը հանդիսանում է ծրագրային ապահովման ոլորտի խոշորագույն ընկերությունը Հայաստանում, որտեղ աշխատում են ավելի քան 400 մասնագետներ: Հաջորդելով Synopsys և Virage Logic ընկերությունների կողմից գրանցած հաջողությունները Հայաստանի շուկայում` Mentor Graphics Inc. ընկերությունը նույնպես մուտք գործեց հայկական շուկա` 2008թ. մայիսին ձեռքբերելով Կալիֆորնիա նահանգում հիմնադրված Ponte Solutions Inc. ընկերությունը, որը ծրագրային լուծումներ է մշակում կիսահաղորդիչների արտադրության և նախագծման համար և ունի խոշոր գիտահետազոտական կենտրոն Հայաստանում: 2007թ. National Instruments կորպորացիան, որը հիմնադրվել է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում և ունի ավելի քան 4300 աշխատակիցներ աշխարհի ավելի քան 40 երկրներում, հիմնեց ճարտարագիտական և գիտահետազոտական գրասենյակ Երևանում: National Instruments ընկերությունը արտադրում է ավտոմատացված տեստավորման սարքավորումներ և մշակում է վիրտուալ գործիքավորման ծրագրային ապահովում, որոնք լայն կիրառում են ստացել աշխարհի տարբեր ճարտագետների կողմից բազմաթիվ ոլորտների համար լուծումներ մշակելու գործընթացում, ինչպես օրինակ` ավիաարդյունաբերություն, մեքենաշինություն, կապ, էլեկտրոնիկա, էներգետիկա, արդյունաբերական չափում և հսկում, բնական գիտություններ, կիսահաղորդիչներ և այլն: Այսօր National Instruments հայաստանյան գրասենյակը առաջարկում է կոնցեպտուալ լուծումներ այնպիսի ճարտարագիտական ընկերությունների համար, որոնք արտադրանք և պատրաստի լուծումներ են մշակում տարբեր ոլորտների համար, այդ թվում նաև ավիաարդյունաբերության: 2000-ականների սկզբին բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ հիմնեցին իրենց ծրագրավորման գրասենյակները Հայաստանում, որոնց համար գրավիչ էին նախ և առաջ տեղի բարձրակարգ մասնագետները և համեմատաբար ցածր ծախսերը: Այդ ընկերությունների թվում են` CQG (վերլուծական ծրագրեր և առևտրային լուծումներ), EPAM Systems (օֆշորային ծրագրային ապահովման մշակում), Lycos Europe (համաեվրոպական օնլայն ցանց), Luxoft (ծրագրավորում և աուտսորսինգ) և այլն: Հայաստանում ներկայացված են նաև այնպիսի խոշոր բրենդներ, ինչպիսիք են` Alcatel, Siemens AG, Microsoft Corporation և SUN Microsystems Inc. ընկերությունների ներկայացուցչությունները, որոնք ներգրավված են կրթական և ոլորտին վերաբերող տարբեր այլ նախաձեռնություններում: 2007թ. SUN Microsystems ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկեցին համատեղ ծրագիր, որի նպատակն է հիմնել ուսումնական լաբորատորիաներ Հայաստանի մի քանի հիմնական ԲՈՒՀ-երում, ինչպես նաև հիմնել են ծրագրային լուծումների մշակման և գիտահետազոտական կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Համաշխարհային Զարգացման Ալյանս» (Global Development Alliance) նախաձեռնության կողմից, որը աջակցում է ժողովրդավարության, տնտեսական զարգացման, մասնագետների վերապատրաստման, կրթության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում մասնավոր և պետական հատվածների միջև ծրագրերի իրականացմանը: Ոլորտի աճող կարևորությունը և նշանակությունը դրդեցին ՀՀ կառավարությանը 2000թ. հայտարարել ՏՀՏ ոլորտը որպես Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Ոլորտի համար պետական քաղաքականության կարևորագույն այլ նախաձեռնություններն են Հայաստանի ՏՀՏ գլխավոր ռազմավարության մշակումը, 2001թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և աջակցման խորհրդի ստեղծումը և 2002թ. Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագրի սկիզբը: Հայկական ՏՏ ասոցիացիան` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ստղեծվել է 2000թ. հուլիսին մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից և կոչված է համախմբելու ոլորտի շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերը, աջակցելու մասնավոր ձեռնարկություններին և խթանելու հետազոտական աշխատանքները ՏՀՏ ոլորտում: 2008թ. Կառավարությունը ընդունեց ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որտեղ դիտարկվում են ենթակառուցվածքի, կադրերի, կրթության, վենչուրային ֆինանսավորման և կարևոր այլ բնագավառներին առնչվող խնդիրներ:
2010թ.-ին համագործակցության հուշագրեր են ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Ինթել» և «Հյուլեթ Փակարդ» ընկերությունների, ՁԻՀ-ի և Յունիքոմփ ՓԲԸ միջև` Հայաստանում «Համակարգիչ ուսուցիչների համար» (Teachers PC) և «Դպրոցական համակարգիչ» (“ClassmatePC”) փորձնական ծրագրերի իրականացման վերաբերյալ: 2012թ. Հայաստանի Հանրապետության Կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «National Instruments» ընկերության (NI), Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի (ՀՊՃՀ) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) ակտիվ նախաձեռնությամբ մեկնարկեցին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի /Armenian National Engineering Lab (ANEL)/ հիմնադրման աշխատանքները: 2012թ-ի դեկտեմբերին ԱՄՆ Սիլիկոնյան հովտում` Plug & Play տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Հայաստանի Տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների /ՏԲՏ/ ներկայացուցչական գրասենյակը: Գրասենյակը գործելու է որպես հայկական ՏԲՏ ընկերությունների համար ԱՄՆ-ում վաճառքների և ներդրումների խթանման կենտրոն, որը կապահովի հայկական ՏՏ ոլորտի տեսանելիությունը և ներկայությունը ԱՄՆ-ի շուկայում, հայկական ՏԲՏ արտադրանքի և կարողությունների ներկայացումը և առաջխաղացումը ԱՄՆ-ում, ինչպես նաև բիզնես կապերի ստեղծումը հայկական և ամերիկյան ընկերությունների և ներդրողների միջև: 2012 թվականին Հայաստանում ստեղծվել է առաջին ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտու ստեղծման հիմնական նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել արտահանման ծավալների աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապահովել կայուն տնտեսական զարգացում: 2013թ.-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ ստեղծվել է Հայաստանում առաջին վենչուրային հիմնադրամը: Տվյալ նախաձեռնության առաջնային կարևորությունը հայաստանյան ՏՏ ընկերությունների համար կայանում է, մասնավորապես, նրանում, որ նշված վենչուրային ֆոնդը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների նորարարությանը, խթանել բարձր տեխնոլոգիաների արևմտյան շուկայի հետ կապեր հաստատելու գործընթացները ու ՕՈւՆ հնարավորությունները, զարգացնել Հայաստանի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ենթակառուցվածքը Հայաստանի Հանրապետությունում: 2013 թվականին փոխընմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Կառավարության և IBM ընկերության միջև կրթության և գիտահետազատական ու փորձարարական աշխատանքների ոլորտում, որը նպատակաուղղված է Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծմանը: 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ Կառավարության IBM ընկերության միջև ստորագրվել է մեկ այլ փոխընմբռնման հուշագիր՝ սոցիալական ծառայությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը մասնավորապես ուղղված է Հայաստանում IBM-ի Curam տեխնոլոգիաների ներդրմանը, ինպես նաև սոցիական ծառայությունների ոլորտում Գերազանցության կենտրոնի ստեղծմանը: