|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
ՏՏ ոլորտի ընդհանուր պատկերը
Տես 2014թ Ոլորտի Հետազոտությունը
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը իր հարևան ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների շարքում համարվում է առաջատար երկրներից մեկը: Դրա հիմքը ստեղծվել էր թերևս այն ժամանակ, երբ Խորհրդային Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ գիտական, գիտահետազոտական և բարձր տեխնոլոգիաներ արտադրող հիմնական հանգույցը: Աճի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին 1987թ., երբ ըստ տարբեր հաշվարկների Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100000 մասնագետներ: ԽՍՀՄ փլուզումը, տարածաշրջանային հակամարտությունները և ավերիչ երկրաշարժը երկրի հյուսիսում հասցրեցին հսկայական տնտեսական վնասներ Հայաստանին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտին պատճառած հետևանքները նույնպես զգալի էին, գիտական և գիտահետազոտական հաստատությունների մեծամասնությունը կրճատել կամ դադարեցրել էին իրենց գործունեությունը` թողնելով հազարավոր գործազուրկներ: 1991թ. ձեռքբերած անկախությունը իր հետ բերեց լիովին նոր հնարավորություններ ոլորտի և, մասնավորապես, ձեռներեցների ու ՏՏ մասնագետների համար: Խոշորածավալ արտադրական գործունեությունից ոլորտի մասնագիտացումը փոխվեց դեպի ծրագրային ապահովման և ծառայությունների սեգմենտ, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել են աճի բավականին բարձր տեմպեր: Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ու խոստումնալից ճյուղերից է: Անցյալի հաջողությունները, բարձրակարգ մասնագետներն ու հայկական ձեռնարկատիրական ոգին ոլորտի հետագա զարգացման լուրջ հեռանկարներ են երաշխավորում:
Պատմական նախադրյալներ
Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացումը բաժանվում է երկու հիմնական փուլերի` Խորհրդային շրջանը և ետխորհրդային անկախ Հայաստանը: Խորհրդային շրջանում Հայաստանը համարվել է ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոններից մեկը: Այդ ավանդույթը դրվել է դեռևս 1950 թվականներին, երբ հանրապետությունում սկսեցին գործել մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ և կիսահաղորդիչներ արտադրողձեռնարկություններ: Այս հաստատությունները գործում էին Խորհրդային Միության կառավարության խոշոր և միջին պատվերներով, որոնք ուղղված էին հիմնականում արդյունաբերության և պաշտպանության ոլորտի ապահովմանը: Բազմաթիվ կազմակերպություններ ստեղծել էին ծրագրավորման իրենց բաժինները, որոնք ուղղված էին հիմնականում հաշվապահության և այլ գործառույթների ավտոմատացմանը: Զարգացման երկրորդ փուլում տեխնոլոգիական ոլորտի ուղղվածությունն էր հիմնականում ծրագրային պատվերների ներգրավումը (աուտսորսինգ) և ծրագրային ապահովման մշակումը: Այս ժամանակաշրջանում հայկական ՏՏ ոլորտի ներուժը ճանաչվեց բազմաթիվ ներդրողների, պետական գործիչների և մասնագետների կողմից: Մի շարք տրանսազգային ընկերություններ Հայաստան արտահանեցին գիտահետազոտական, գործառնական և ծրագրավորման պատվերներ: ՀՀ կառավարությունը հայտարարել է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը:
Խորհրդային Հայաստան (1920-1990)
Ոլորտի հիմքը դրվեց 2-րդ Աշխարհամարտից առաջ և ընթացքում, երբ ԽՍՀՄ արդյունաբերությունը լայնորեն զարգանում և ընդլայնվում էր: Դա պահանջում էր տնտեսության տարբեր ճյուղերում բարձրակարգ տեխնիկական մասնագետների առկայություն, ինչի արդյունքում 1933թ. ստեղծվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (ներկայում` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան) և զգալի ընդլայնվեց 1919թ. հիմնադրված Երևանի պետական համալսարանը: 1935թ. հիմնադրվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան (ներկայում` Գիտությունների ազգային ակադեմիա): Այս նշանավոր նախաձեռնությունների շնորհիվ հիմք դրվեց Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հետագա զարգացմանը ու նվաճումներին: Համակարգիչների և ծրագրավորման ոլորտի ծաղկման սկիզբը դրվեց 1956թ., երբ հիմնադրվեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, որը ստեղծվել էր Խորհրդային Միության կառավարության հատուկ հրամանով` համակարգիչների և հարակից սարքավորումների նախագծման ու արտադրման նպատակով: Արդեն 1959թ. ինստիտուտը նախագծել էր «Արագած» առաջին սերնդի համակարգիչը, որը աշխատում էր վակուումային սարքերով, 1961թ. արտադրվել էր կիսահաղորդիչ էլեմենտներով աշխատող «Հրազդան» երկրորդ սերնդի համակարգիչը: 1960-ականների սկզբին ինստիտուտը սկսեց նախագծել հզոր ԷՀՄ-ներ, ավտոմատ հսկիչ համակարգեր, ինչպես նաև օպերացիոն համակարգեր, ցանցային և կիրառական այլ ծրագրեր: Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը նախկին ԽՍՀՄ առաջատար մասնագիտացված հաստատությունն էր, որը մշակում էր «Նաիրի» միկրոծրագրային կոմպյուտերային համակարգը, որը ստացել է ավելի քան 40 արտոնագրեր և ներկայացվել էր միջազգային 20 ցուցահանդեսներում: Սեփական արտադրամասերում ինստիտուտը նախագծել և արտադրել էր բազմաթիվ համակարգիչներ, որոնց մի մասը մրցունակ էր «Digital Equipment» ընկերության PDP համակարգիչների և IBM հզոր համակարգիչների հետ: Ինստիտուտը մեծճանաչում էր վայելում նաև IBM-360/370 համակարգչի հետ համատեղելի ES սերիայի կոմպյուտերային համակարգեր մշակելու համար, որոնք Խորհրդային Միության տարբեր շրջաններում լայնորեն կիրառվում էին գիտության և արդյունաբերության ոլորտներում: Ինստիտուտի կարևորագույն նվաճումներից էր նաև հեռահաղորդակցման համակարգի ստեղծումը, որը նախագծված էր դեպի լուսին թռիչքի համար: Ինստիտուտում 1980-ականներին աշխատում էր շուրջ 10,000 մարդ, ինչը երկու անգամ գերազանցում է ՏՏ ոլորտում ներկայումս զբաղված կադրերի թիվը: Հայաստանում ստեղծվեցին մի շարք արտադրական ձեռնարկություններ, որոնք զբաղվում էին էլեկտրոնային և կիսահաղորդիչ սարքերի արտադրությամբ և գիտահետազոտական աշխատանքներով: «Տրանզիստոր» (1958թ.) կիսահաղորդիչների գիտաարտադրական գործարանը համարվում էր տրանզիստորներ և ուժեղացուցիչ դիոդներ արտադրող առաջատարը ԽՍՀՄ-ում: 1964-65թթ. Աբովյան քաղաքում հիմնադրվեցին ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ Արտադրող «Սիրիուս» գործարանը և դիոդներ ու ինտեգրալ հիբրիդ միկրոսխեմաներ արտադրող «Պոզիստոր» միկրոէլեկտրոնիկայի գործարանը: Միկրոէլեկտրոնիկայի, գիտահետազոտության և տեխնոլոգիաների ինստիտուտը (1966թ.) մշակում էր միկրոէլեկտրոնային սխեմաներ, չափման ավտոմատացվածսարքեր և այլ բարդ էլեկտրոնային սարքեր: 1978թ. ստեղծված Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտը արտադրել է ինտեգրալ սխեմաներ սիլիկոնային բարակ թաղանթի տեխնոլոգիայի հիման վրա և այլ արտադրանք: 1986թ. կառուցվել է Աշտարակի կիսահաղորդիչների և էլեկտրոնիկայի արտադրման գործարանը, որի համար ընդհանուր ներդրումը կազմել էր 120 միլիոն ԱՄՆ դոլար: Գործարանը արտադրել է կիսահաղորդչային թիթեղներ, միկրոսխեմային հարթակներ, արևային էլեմենտներ և էլեկտրոնային այլ սարքեր: Մեկ այլ կարևորագույն արտադրական միավորում էր ինտեգրալ միկրոսխեմաների և էլեկտրոնիկայի «Մարս» ործարանը, որը ստեղծվել էր 1988թ. 300 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումով` տպատախտակներ և ինտեգրալ միկրոսխեմաներ արտադրելու նպատակով: 1980-ականների վերջին Խորհրդային տնտեսության ազատականացումից հետո ստեղծվեցին նոր ընկերություններ, որոնք տրամադրում էին համակարգերի ինտեգրման ծառայություններ և կատարում ծրագրային ապահովման մշակման հատուկ պատվերներ: Այս ընկերությունների գործունեությունը հիմնականում ուղղված էր դեպի տեղական շուկա և նրանցից քչերն էին աշխատում օտարերկրյահաճախորդների հետ: Այդ շրջանում ընկերությունների հիմնական մասնագիտացումներն էին հաշվապահական և ֆինանսական ծրագրային փաթեթների մշակում տեղական շուկայի համար, համակարգչային սարքերի հավաքում և վաճառք, արտաքին պատվերների կատարում (աուտսորսինգային ծառայություններ): Առաջին հայկական մասնավոր ՏՏ ընկերությունը` «Հայկական ծրագրերը», ստեղծվել է 1987թ.: 1990թ. Դրությամ» Հայաստանում գործում էին 40 խոշոր գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտներ և արտադրական միավորումներ: Այս ժամանակաշրջանում Հայաստանը համարվում էր էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Խորհրդային Միության առաջատար կենտրոնը:
Անկախ Հայաստան (1991-2014)
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: ԽՍՀՄ փլուզումը և անհատական օգտագործման համակարգիչների (PC) դարաշրջանի սկիզբը պատճառ հանդիսացան Հայաստանում ողջ տեխնոլոգիական ոլորտի անկման, որը տարիներ շարունակ ուղղված է եղել մասնավորապես խոշորածավալ արտադրական և գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը: Այն փաստը, որ ոլորտի հիմնական պատվիրատուն` Խորհրդային Միության հսկայական ռազմա-արդյունաբերական համալիրը, այլևս գոյություն չուներ, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի վրա թողեց անդառնալի ազդեցություն` փոխելով ուղղվածությունը խոշոր ռազմական պատվերներից դեպի շուկայական պահանջարկը բավարարող ծրագրային լուծումներ և ծառայություններ: Աստիճանաբար ի հայտ եկան նոր ընկերություններ, որոնք կոչված էին բավարարելու տեղական և արտասահմանյան շուկաների պահանջարկը: Նախկինում կուտակած ներուժը դարձավ հիմնական այն խթանիչը, որը նպաստեց ձեռներեցների ու ներդրողների կողմից նոր ձեռնարկությունների ստեղծմանը ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: 1990 թվականներին սկսվեց ոլորտի զարգացման նոր դարաշրջան, երբ ծրագրավորող մի շարք ամերիկյան ընկերություններ հիմնեցին իրենց երևանյան մասնաճյուղերը, դրանց թվում` Boomerang Software (ինտերնետային կիրառական ծրագրեր), Credence Systems (կիսահաղորդիչների նախագծման և տեստավորման լուծումներ), Cylink (ցանցային անվտանգության արտադրանք և VPN /վիրտուալ մասնավոր ցանցի/ լուծումներ), Epygi Technologies (IP PBX կայաններ), HPL Technologies (եկամտաբերության կառավարման ծրագիր և տեստավորման միկրոսխեմաների լուծումներ), Virage Logic (ներկառուցված բարդ հիշողություն) և այլն: Սփյուռքը կարևորագույն դեր է ունեցել անկախ Հայաստանում ծրագրավորման ոլորտի կայացման գործում և փաստորեն հանդիսացել է այն հիմնական գործոնը, որի շնորհիվ Հայաստանում բավականին վաղ շրջանում հիմնվեցին արտասահմանյան բազմաթիվ ընկերություններ: 1990-ականների վերջում մատնանշվեցին ոլորտի հետագա աճի նոր խթաններ, ինչի պատճառը նախկինում ստեղծված ընկերությունների հաջողություններն էին, տնտեսության համընդհանուր վերականգնումը և համաշխարհային ՏՏ ոլորտի աննախադեպ աճը: ՏՏ ոլորտի զարգացման ներուժը դարձավ բազմաթիվ ներդրողների, պետական գործիչների և մասնագետների մեծ ուշադրության առարկան: Երիտասարդ մասնագետների համար բացվեցին բարձր վարձատրվող աշխատատեղեր` խրախուսելով նրանց շարունակելու կարիերան այդ ոլորտում: Գոյություն ունեցող հզոր գիտակրթական բազան դարձավ կարևորագույն այն գործոնը, որով պայմանավորվեցին կիսահաղորդիչների նախագծման ոլորտի խոշոր նվաճումները Հայաստանում: Ոլորտն այսօր դարձել է ՏՏ շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: 2000թ. ամերիկյան LEDA Systems Inc. ընկերությունը, որը հիմնադրվել է Պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտի կողմից և մասնագիտանում է ինտեգրալ միկրոսխեմաների և դրա բաղադրիչների նախագծման բնագավառում, հիմնեց իր մասնաճյուղը Հայաստանում: Ընկերության հիմնական նախաձեռնություններից էր ՀՊՃՀ-ի հետ համատեղ մասնագիտացված ուսումնական կենտրոնի ստեղծումը: Կենտրոնում ուսանողները հնարավորություն են ստանում ձեռքբերելու բարձրակարգ տեխնիկական պրակտիկա ինտեգրալ միկրոսխեմաների նախագծման, համապատասխան ծրագրային ապահովման և բաղադրիչների բնագավառում: Միկրոսխեմաների նախագծման ոլորտում Հայաստանում առկա զգալի մասնագիտական կարողությունները շահագրգռեցին նաև Synopsys Inc. ընկերությանը, որը հանդիսանում է EDA և VLSI նախագծման ոլորտում համաշխարհային առաջատարը: 2004թ. Synopsys ընկերությունը ձեռք բերեց LEDA Systems և Monterey Arset (համակարգեր միկրոսխեմաների վրա) և 2005թ. HPL Technologies ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը: Ներկայում Synopsys-ը հանդիսանում է ծրագրային ապահովման ոլորտի խոշորագույն ընկերությունը Հայաստանում, որտեղ աշխատում են ավելի քան 400 մասնագետներ: Հաջորդելով Synopsys և Virage Logic ընկերությունների կողմից գրանցած հաջողությունները Հայաստանի շուկայում` Mentor Graphics Inc. ընկերությունը նույնպես մուտք գործեց հայկական շուկա` 2008թ. մայիսին ձեռքբերելով Կալիֆորնիա նահանգում հիմնադրված Ponte Solutions Inc. ընկերությունը, որը ծրագրային լուծումներ է մշակում կիսահաղորդիչների արտադրության և նախագծման համար և ունի խոշոր գիտահետազոտական կենտրոն Հայաստանում: 2007թ. National Instruments կորպորացիան, որը հիմնադրվել է Տեխաս նահանգի Օսթին քաղաքում և ունի ավելի քան 4300 աշխատակիցներ աշխարհի ավելի քան 40 երկրներում, հիմնեց ճարտարագիտական և գիտահետազոտական գրասենյակ Երևանում: National Instruments ընկերությունը արտադրում է ավտոմատացված տեստավորման սարքավորումներ և մշակում է վիրտուալ գործիքավորման ծրագրային ապահովում, որոնք լայն կիրառում են ստացել աշխարհի տարբեր ճարտագետների կողմից բազմաթիվ ոլորտների համար լուծումներ մշակելու գործընթացում, ինչպես օրինակ` ավիաարդյունաբերություն, մեքենաշինություն, կապ, էլեկտրոնիկա, էներգետիկա, արդյունաբերական չափում և հսկում, բնական գիտություններ, կիսահաղորդիչներ և այլն: Այսօր National Instruments հայաստանյան գրասենյակը առաջարկում է կոնցեպտուալ լուծումներ այնպիսի ճարտարագիտական ընկերությունների համար, որոնք արտադրանք և պատրաստի լուծումներ են մշակում տարբեր ոլորտների համար, այդ թվում նաև ավիաարդյունաբերության: 2000-ականների սկզբին բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ հիմնեցին իրենց ծրագրավորման գրասենյակները Հայաստանում, որոնց համար գրավիչ էին նախ և առաջ տեղի բարձրակարգ մասնագետները և համեմատաբար ցածր ծախսերը: Այդ ընկերությունների թվում են` CQG (վերլուծական ծրագրեր և առևտրային լուծումներ), EPAM Systems (օֆշորային ծրագրային ապահովման մշակում), Lycos Europe (համաեվրոպական օնլայն ցանց), Luxoft (ծրագրավորում և աուտսորսինգ) և այլն: Հայաստանում ներկայացված են նաև այնպիսի խոշոր բրենդներ, ինչպիսիք են` Alcatel, Siemens AG, Microsoft Corporation և SUN Microsystems Inc. ընկերությունների ներկայացուցչությունները, որոնք ներգրավված են կրթական և ոլորտին վերաբերող տարբեր այլ նախաձեռնություններում: 2007թ. SUN Microsystems ընկերությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկեցին համատեղ ծրագիր, որի նպատակն է հիմնել ուսումնական լաբորատորիաներ Հայաստանի մի քանի հիմնական ԲՈՒՀ-երում, ինչպես նաև հիմնել են ծրագրային լուծումների մշակման և գիտահետազոտական կենտրոն: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Համաշխարհային Զարգացման Ալյանս» (Global Development Alliance) նախաձեռնության կողմից, որը աջակցում է ժողովրդավարության, տնտեսական զարգացման, մասնագետների վերապատրաստման, կրթության և շրջակա միջավայրի պահպանման ոլորտներում մասնավոր և պետական հատվածների միջև ծրագրերի իրականացմանը: Ոլորտի աճող կարևորությունը և նշանակությունը դրդեցին ՀՀ կառավարությանը 2000թ. հայտարարել ՏՀՏ ոլորտը որպես Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը: Ոլորտի համար պետական քաղաքականության կարևորագույն այլ նախաձեռնություններն են Հայաստանի ՏՀՏ գլխավոր ռազմավարության մշակումը, 2001թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և աջակցման խորհրդի ստեղծումը և 2002թ. Ձեռնարկությունների ինկուբատոր ծրագրի սկիզբը: Հայկական ՏՏ ասոցիացիան` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), ստղեծվել է 2000թ. հուլիսին մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից և կոչված է համախմբելու ոլորտի շահերի պաշտպանությանն ուղղված ջանքերը, աջակցելու մասնավոր ձեռնարկություններին և խթանելու հետազոտական աշխատանքները ՏՀՏ ոլորտում: 2008թ. Կառավարությունը ընդունեց ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որտեղ դիտարկվում են ենթակառուցվածքի, կադրերի, կրթության, վենչուրային ֆինանսավորման և կարևոր այլ բնագավառներին առնչվող խնդիրներ:
|