|
|
Կայքի որոնման համակարգերում օպտիմալացումը (SEO - Search Engine Optimization) իրականացնում է developWay ընկերությունը: |
Հայաստանի ՏՏ ընկերությունների ուղեցույց
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից մեկը, ինչը պայմանավորված է իր` բավականին բարձր մրցակցային ներուժ ունեցող աշխատուժով, ոլորտում գործող ընկերությունների թվով և ընդհանուր շրջանառության աճի տեմպերով: ՏՏ ոլորտը, լինելով Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, նպաստում է երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը: Հայաստանի ՏՏ ոլորտի կայուն զարգացումը պայմանավորված է նաև ոլորտում աշխատող տեխնիկական և կառավարման գծով բարձրակարգ մասնագետների առկայությամբ: Հայաստանի ԲՈՒՀ-երն իրականացնում են կրթական ծրագրեր, որոնք տեղի աշխատանքի շուկան համալրում են բարձր պահանջարկ ունեցող մասնագետներով:
ՏՏ ոլորտը Հայաստանում բաղկացած է տեղական և արտասահմանյան ընկերություններից, որոնց գերակշիռ մասը գործում է Երևանում: Այստեղ կենտրոնացած են ոլորտի բարձրակարգ մասնագետները, և առկա է բիզնես գործունեության համար համապատասխան ենթակառուցվածք: Հարկ է նշել, որ մարզային զարգացման ծրագրերի շրջանակներում կրթական և գործարար ենթակառուցվածքների զարգացման շնորհիվ գործող ընկերությունների թիվը տարեցտարի աճում է ՀՀ մարզերում, հատկապես՝ Շիրակի և Լոռու:
Հայաստանյան ՏՏ ընկերությունների հիմնական մասնագիտացումներից է ծրագրային ապահովման պատվերները։ Այս սեգմենտը ընդգրկում է այն ընկերությունները, որոնք առաջարկում են ծրագրային ապահովման մշակում և սպասարկում, ծրագրավորման ծառայություններ, խորհրդատվություն և ինտեգրում, համակարգչային գրաֆիկա, անիմացիոն և մուլտիմեդիայի ծրագրեր, մոբայլ հավելվածներ, վեբ ծրագրավորում և դիզայն, միկրոսխեմաների նախագծում, ճարտարագիտական և գիտահետազոտական ու փորձարարական ծառայություններ: Ինտերնետային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից առաջարկվում են ինտերնետային կապի հնարավորություններ (մեծածախ կամ մանրածախ) տարբեր աղբյուրներից։ Այս սեգմենտը ընդգրկում է այն ընկերությունները, որոնք առաջարկում են ինտերնետային ծրագրերի և էլեկտրոնային առևտուրը, տվյալների շտեմարանները և կառավարման համակարգերը, հաշվապահական, ֆինանսական և բանկային ծրագրերը, ցանցային համակարգերը և կապը : Հայաստանում ինտերնետ ծառայություններ տրամադրող ընկերությունները ներքին շուկայում առաջարկում են հետևյալ ծառայությունները` ADSL, օպտիկամանրաթելային և մալուխային ինտերնետ, WiFi անլար հասանելիության տեխնոլոգիաներ, ընդհանուր նշանակության փաթեթային ռադիոկապ (GPRS), EDGE, CDMA և 3G տեխնոլոգիաներ (UMTS/WCDMA), 4G/LTE: Հարկ է նշել, որ ոլորտում գործող ընկերությունների գործունեությունը ծավալվում է նաև տեխնոլոգիաների ոլորտի տարբեր այլ բնագավառներում, վերը նշված երկու սեգմենտները դրանց գործունեության և եկամտի գոյացման հիմնական ուղղություններն են։
Արտասահմանյան ընկերությունների մեծ մասը մասնագիտանում է ծրագրավորման պատվերների իրականացման, միկրոսխեմաների նախագծման և թեստավորման, ցանցային համակարգերի և հաղորդակցման ոլորտներում: Իսկ տեղական ընկերությունները որդեգրել են բիզնեսի զարգացման երկու հիմնական ռազմավարություն` գործել որպես ծրագրավորման պատվերների արտապատվիրման (աուտսորսինգային) կենտրոն, կամ արտադրել և իրացնել սեփական արտադրանքը և ծառայությունները: Սակայն իրենց սեփական արտադրանքը մշակող հայաստանյան ՏՏ ընկերությունների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը դրական ցուցանիշ է և վկայում է այն մասին, որ Հայաստանում ՏՏ ոլորտը օտարերկրյա ընկերությունների համար արտապատվիրման ռեսուրս լինելուց վերափոխվում է՝ դառնալով տեխնոլոգիական զարգացման կենտրոն: Այսօր հայաստանյան ՏՏ ընկերությունները կարող են առաջարկել միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան արտադրանք ու ծառայություններ:
|